ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Իմ աղջկան չենք «դարձրել», ինքն է դարձել դպրոցի տնօրեն»

«Իմ աղջկան չենք «դարձրել», ինքն է դարձել դպրոցի տնօրեն»
26.05.2015 | 00:40

ՌՈՒԶԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)


-Ինչպե՞ս է ստացվում, որ արտասահմանյան գրեթե բոլոր այցերին Դուք ներկա եք:
-Այդպիսի բան չկա: ԱԺ-ի բոլոր գործուղումներին ես մասնակից չեմ:
-ԶԼՄ-ները պնդում են, որ այդ «հողի» վրա ՀՀԿ կանայք «թեժ» պայքարի մեջ են:
-Չգիտեմ մամուլն ինչ է գրում, նման բան չկա: Հոգնեցնող ու ոչինչ չտվող թեմա է դա: Մենք ոչ միայն միմյանց, այլև կուսակցությունների անդամների հետ շատ նորմալ հարաբերություններ ունենք:
-Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ իշխանությունը Ձեր հանդեպ ավելի բարեհաճ է, Ձեր «Իրավաբանական անձանց միությանը» պետությունը 20 մլն դրամ է տվել, վերջերս Ձեր աղջիկը դպրոցի տնօրեն դարձավ։
-Իշխանությունը բարեհաճ է բոլորի հանդեպ, առավել ևս՝ ընդդիմության ներկայացուցիչների: Այն, ինչ կարելի է ընդդիմությանը, ի՞նչ է, չի կարելի նաև իշխանության ներկայացուցչի՞ն: Այնտեղ, որտեղ կա աշխատանք, կա նաև արդյունք: Բոլորը պետք է հաշվի նստեն կատարված աշխատանքի հետ: Որևէ մեկին չի հետաքրքրում, թե ինչ ծավալի աշխատանք է կատարում այսօր «Դպրոց-կենտրոնների միությունը»: Որևէ կառույց չի զբաղվում այն հարցով, թե ինչպիսի մասնագիտական կարիքներ ունեն ուսուցիչները: Մենք նաև մեթոդական ձեռնարկներ ենք տպագրում, իրականացնում վերապատրաստումներ և այլն:
-Մի՞թե այդ ամենը ԿԳ նախարարությունը չի կարող իրականացնել:
- ԿԳ նախարարությունը կրթության քաղաքականություն մշակող և իրականացնող կառույց է, որին կից պիտի լինեն այդ դետալներն իրագործող կառույցներ:
-Արժե՞ այդքան գումար հատկացնել Ձեր կառույցին, երբ երկրում բազմաթիվ չլուծված հարցեր կան, որոնք առավել առաջնային են:
-Ոչ միայն արժե, այլև այդ 20 մլն դրամը քիչ է: Կան շատ ՀԿ-ներ, որոնք մեկանգամյա ծրագրերի կազմակերպություններ են ու չգիտես ինչ դրամաշնորհներով խարխլում են մեր երկրի պետական հիմքերը:
-Օրենսդրական աշխատանքներին չի՞ խանգարում այդ միությունում ծավալած Ձեր ակտիվ գործունեությունը:
-Բացարձակ: Ընդհակառակը` օգնում է: Երբ դու կոնկրետ ոլորտի խնդիրներ ես բարձրացնում, դա դառնում է օրենսդրական նախաձեռնության հիմք:
-Պատգամավորի կարգավիճակը դյուրացնո՞ւմ է կառավարությունից փող «պոկելու» գործը:
-Ոչ, շատ է բարդանում, որովհետև երբ ես պատգամավոր չէի, Համաշխարհային բանկը դրա հնգապատիկն էր տալիս: Հիմա միայն պետբյուջեից տրվող 20 մլն դրամն է:
-Ձեր աղջկան տնօրեն «դարձնե՞լն» էլ որևէ առնչություն չունի Ձեր կարգավիճակի հետ։
-Ինչ է նշանակում «դարձնելը»: Իմ աղջիկն էլ, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, իրավունք ունի իր կարիերան առաջ տանելու: Դուք իմ աղջկան ճանաչո՞ւմ եք: Իմ աղջկան չենք «դարձրել», ինքն է դարձել դպրոցի տնօրեն և ո՛չ նրա համար, որ իմ աղջիկն է: Եթե նրա անցած ճանապարհին ծանոթ լինեիք, այդ հարցը չէիք տա:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ